ՖԻՖԱ-ի նախագահի շուրջ զարգացումները գերարագ ընթացք են ստանում: Արդեն իսկ ընթերցողը տեղյակ է շվեյցարական ոստիկանության ձեռնարկած քայլերին, և ահա նոր քայլ՝ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը, որը, ի դեպ, ստեղծվել է այդ նույն Ժոզեֆ Բլատերի նախաձեռնությամբ ու առաջարկով, իննսուն օրով նրան հեռացրել է կազմակերպության նախագահի պաշտոնից: Փաստորեն, Բլատերին մեջքով շրջվում է նաև սեփական կազմակերպությունը, այդ կազմակերպությունում իր իսկ միջամտությամբ ծնունդ առած «երեխան»: Իհարկե, պաշտոնապես Բլատերը դեռ չի հեռացվել զբաղեցրած պաշտոնից, որովհետև դրա համար անհրաժեշտ է արբիտրաժային պալատի որոշումը, սակայն դա ժամանակի խնդիր է:
Հիշեցնենք, որ Բլատերը մեղադրվում է միանգամից երկու բանում՝ անփութության ու շորթումների: Առաջինը կապվում է 2005 թվականին Կարիբյան ֆուտբոլային միությանը 2010 ու 2014 թթ. աշխարհի առաջնությունների հեռուստատեսային տրանսլյացիաների իրավունքը վաճառելու, երկրորդը՝ 2011 թվին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին երկու միլիոն շվեյցարական ֆրանկ փոխանցելու հետ (հետաքննությունը դա որակել է որպես կաշառք):
Ըստ BBC-ի՝ ՈՒԵՖԱ-ի նախագահին նույնպես սպասում է Բլատերի ճակատագիրը: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը քննարկում է Պլատինիի հեռացման հարցը նույնպես, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ հեռացումը կլինի ՈՒԵՖԱ-ում զբաղեցրած նրա պաշտոններից (ֆրանսիացին այստեղ համատեղությամբ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև գործադիր կոմիտեի անդամ է):
Եթե Բլատերի ու Պլատինիի հեռացումներն իրականանան, ապա նրանք մինչև հունվար կլինեն «խաղից դուրս» (չմոռանանք՝ ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները նշանակված են փետրվարին), իսկ ֆրանսիացին ֆուտբոլի համաշխարհային կազմակերպության նախագահի պաշտոնի հավակնորդներից է: Ստացվում է, որ Պլատինին ակտիվ գործելու հնարավորություն չի ունենա, իսկ այս աշխարհում կշեռքի նժարները դիրքեր փոխելու զարմանալի «ունակություններ» ունեն՝ կախված ծանրության կենտրոնի տեղաշարժից:
Սակայն հարցը միայն այսքանով չի սահմանափակվում: Լավ, ասենք թե Բլատերի ու Պլատինիի հեռացումներն օրինական ուժ ստացան ու իրականացան, ովքե՞ր են փոխարինելու նրանց այս ժամանակահատվածում, այդ փոխարինողները կլինեն սոսկ պարտականությունների հլու կատարողնե՞ր, թե՞ ակտիվ «խաղեր տվողներ», ու այդ «խաղեր տալը» հօգուտ կամ ի վնաս ո՞ւմ է լինելու: Մի խոսքով, հարցերի հեղեղ է, որոնց պատասխանները մնում են առկախված: Համենայն դեպս, տևական ժամանակ կպահանջվի իմանալու համար, թե ում ձեռքով թխվեց այս «կաշ-կալամաշկան», եթե, իհարկե, երբևիցե պարզվի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ